Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Եվս մեկ անգամ հայ ժողովրդի կեղծ բարեկամների մասին

Եվս մեկ անգամ հայ ժողովրդի կեղծ բարեկամների մասին
12.12.2017 | 09:36

(Նախորդ մասը)

Հիշեցնեմ նաև, որ այս տարվա գարնանը բացահայտվեցին «ՈՒոռլիքի գաղտնիքի» ամենավերջին հանգամանքները: Հայտնի դարձավ, որ նա այն ժամանակ ամերիկյան իշխող վերնախավի հետ ակտիվ բանակցություններ էր վարում, որպեսզի դատաքննություն սկսվի այն «առևտրային հիմնադրամների ապօրինի ֆինանսական գործունեության» վերաբերյալ, որոնք դրամական միջոցներ էին փոխանցում Արցախին: Խոսքն առաջին հերթին ԱՄՆ-ի իրավասությանը ենթակա սփյուռքահայ կազմակերպությունների մասին է: ԱՄՆ-ի պետդեպարտամենտից մի աղբյուր, որն առայժմ չարժե բացահայտել, հաստատել է ՈՒոռլիքի դիմումը և պատմել, որ նրա ներկայացրած նյութերն ուսումնասիրում են պատկան մարմինները: Նույն աղբյուրը վկայում է, որ ՈՒոռլիքն իր զրուցակիցներին համոզում է, որ գործընթացն իրավաբանորեն հիմնավորված է և «ԱՄՆ-ում գործող ու օտարերկրյա համայնքների շահերը ներկայացնող բոլոր կազմակերպությունների համար օրինակելի դառնալու լավ հեռանկար ունի»: Նկատենք, որ ՈՒոռլիքը չի ցանկանում զբաղվել «պատժի օրինակելիությամբ» ԱՄՆ-ի այն կազմակերպությունների նկատմամբ, որոնք հանցավոր լոբբինգ են անում հօգուտ Իսրայելի և սիոնիզմի կամ, ասենք, Թուրքիայի և Ադրբեջանի: Եվ մեզ համար պարզ է, որ հայկական կազմակերպությունների կողմից ԱՄՆ-ի ֆինանսական օրենսդրության խախտումների ճանաչումը (հիմքեր կան ենթադրելու, որ առաջինը կարող է հետապնդվել Ամերիկայի հայ ազգային կոմիտեն (ԱՀԱԿ)) հետապնդման սպառնալիք կստեղծի Արցախի ողջ ղեկավարության և Հայաստանի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների համար:


Նույն աղբյուրը հայտնել է, որ ՈՒոռլիքն ԱՄՆ-ի ԿՀՎ-ի արդեն պաշտոնաթող կադրային աշխատակից է: Մինսկի խմբի համանախագահ եղած ժամանակ էլ նա կատարում էր ԿՀՎ-ում իր պետերի հրամանները: Ասենք, շատ երկրների հատուկ ծառայություններում «նախկին աշխատակիցներ» չեն լինում: Իսկ ԿՀՎ-ի նպատակները ողջ աշխարհին հայտնի են հենց թեկուզ Իրաքի և Սիրիայի օրինակով: Դա ամերիկյան աշխարհամասի սահմաններից դուրս բոլոր հակամարտությունների սրմամբ ԱՄՆ-ի գերծայրահեղ շահագրգռվածությունն է: Դրա ապացույցներ ինչքան ասես կան ոչ միայն Մերձավոր Արևելքում, բավական է հիշել, թե ինչեր են անում ամերիկացիները Հյուսիսային Կորեայի, Չինաստանի կղզիների նկատմամբ և այլն: Այնպես որ, ինչպես 2016-ին, այնպես էլ հիմա ԱՄՆ-ի հատուկ ծառայություններն արագացված տեմպերով նոր գաղտնի գործողություն են կատարում Արցախի և Ադրբեջանի հակամարտությունը «տաք» փուլ տեղափոխելու համար: Հենց դրա հետ էին կապված ՈՒոռլիքի «կոչերը», որ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիներն ակտիվ ելույթներ սկսեն իրենց իշխանությունների դեմ: Երևի ինչ-որ բան չի գործում ԱՄՆ-ից այս կամ այն չափով կախում ունեցող կառավարությունների «ձեռքերը ոլորելու» Վաշինգտոնի համար սովորական գործելակերպում: ՈՒզում եմ հույս ունենալ, որ Հայաստանում, նաև ԱՄՆ-ում, բոլոր նրանք, ովքեր պատասխանատու են համահայկական միասնության համար, առավելագույն ջանքեր կգործադրեն ԿՀՎ-ի այդ սրիկային չեզոքացնելու ուղղությամբ:
ՈՒոռլիքի նախաձեռնությունն ակնհայտորեն ԿՀՎ-ի բարձրագույն ղեկավարության կարգադրանքն է և վկայում է, որ ԱՄՆ-ը երբեք շահագրգռված չի եղել, որ Արցախի և Ադրբեջանի հակամարտությունը լուծվի նրա բոլոր կողմերի շահերը պաշտպանելու հիման վրա: Կրկին հիշեցնեմ ՈՒոռլիքի նախորդ տարվա սեպտեմբերի հարցազրույցը, որում նա խոստովանեց, որ ԱՄՆ-ի համար Արցախը փաստորեն գոյություն չունի որպես հակամարտության ինքնուրույն կողմ: Այսպիսով, ՈՒոռլիքի նախաձեռնությունը խախտում է Արցախի հարցով միջազգային բանակցային գործընթացի մասնակից ուժերի հաշվեկշիռը: Անհնար է չխոստովանել, որ ԱՄՆ-ի անդրկուլիսյան խարդավանքները խորտակում են այսրկովկասյան ողջ տարածաշրջանի փխրուն խաղաղությունը:
Իսկ ալիևյան ինքնաթիռներով ահաբեկիչներին մատակարարվող զենքի մասին հայտնի դարձավ «Anonimus Bulgaria»-ի հրապարակած արտահոսքի շնորհիվ: Միայն ամերիկյան մասնավոր ընկերությունները և զենք արտադրողները, միայն վերջին երեք տարում և միայն ըստ այդ կոնկրետ հետաքննության նյութերի, ամերիկյան կառավարության՝ զենքի մատակարարումների հատուկ ծրագրի շրջանակներում տարատեսակ ահաբեկիչներին զենք են վաճառել 1 մլրդ դոլարը գերազանցող գումարով: Բայց չէ՞ որ բուլղարական հրապարակման մեջ նշվում են նաև սաուդցիները, նույն Իսրայելը և բալկանյան երկրներ, որոնց թվում՝ Եվրամիությանը նոր անդամակցած: Եվ որևէ մեկը կարո՞ղ է երաշխավորել, որ այդ զենքից ոչինչ չի հասել ալիևյան վարչակարգին, որը, ըստ էության, նույնքան ահաբեկչական է, որքան Սիրիայում և Իրաքում սուննի ծայրահեղականների ստեղծածները: Բուլղար լրագրողուհի Դիլյանա Գայտանջիևան բուլղարական «Տրուդ» թերթում իր հրապարակման մեջ մերկացրել է ոչ միայն Ադրբեջանի կողմից ահաբեկիչներին զենքի մատակարարումը, այլև դրա մեխանիզմը: Բաքուն դրա համար ներգրավում էր պետական ողջ կազմը: Ըստ լրագրողուհու, այդ տվյալներն իրեն հաղորդել է «Թվիթերի» օգտատերը, որը ցանկացել է գաղտնի մնալ: Հետո սկսվել է լրագրողական հետաքննությունը: «Երբ սկսեցի ուսումնասիրել «թղթապանակի» բովանդակությունը, զարմացա, քանի որ Բաքվի կողքին Բուլղարիան էր»,- «Հայ ձայնի» հետ հարցազրույցում ասել է լրագրողուհին, ավելացնելով, որ տեսել է Սիրիայի «չափավոր ընդդիմության կողմից բուլղարական զենքի կիրառումը»:


Հոդվածի հրապարակումից հետո ճնշման վերաբերյալ հարցին պատասխանելիս լրագրողուհին նշել է, որ Բուլղարիան ազատ երկիր է, որտեղ ճնշման մեթոդը չի գործում: «Բուլղարիայի կառավարությունն ուղղակի կապ չունի այդ գործարքների հետ: Առկա է երրորդ կողմը, որը բուլղարական զենքը հասցնում էր Սիրիայի ահաբեկիչներին, ուստի Բուլղարիայի իշխանությունները ժխտել են իրենց մասնակցությունը, հայտարարելով, որ տեղեկություն չունեն, թե բուլղարական զենքն ինչպես է հայտնվել Սիրիայում»,- նշել է լրագրողուհին: Ըստ նրա, հատուկ ծառայությունները, այնուհանդերձ, հետաքննություն են սկսել հրապարակման առնչությամբ: Բաքվի գործողությունների պատճառի մասին հարցին Գայտանջիևան պատասխանել է, որ այդ մասին խոսելը բարդ է, որովհետև ամեն ինչ կատարվել է ոչ թե ընկերությունների, այլ պետական ապարատի միջոցով, և մատակարարումներն իրականացրել է «Silk Way» ավիաընկերությունը: «Բաքվին հաջողվել է փոխադրումները կատարել դեսպանությունների միջոցով: Հայտնի է, որ գոյություն ունի, այսպես կոչված, «դիվանագիտական թռիչք», որի դեպքում զննում չի կատարվում»,- հայտարարել է լրագրողուհին, հավաստելով, որ կան համապատասխան փաստաթղթեր: Կասկածի չենք ենթարկում նրա համոզվածությունը, որ Բուլղարիան ազատ երկիր է, և իշխանությունը ոչ մի բանի հետ ուղղակի կապ չունի: Սակայն հենց նրան ազատեցին «Տրուդից» Բուլղարիա-Ադրբեջան-Սիրիա «զենքի կամրջի» մասին մերկացնող հրապարակումից հետո: Լրագրողուհին նաև ընդգծեց, որ, բացի Բուլղարիայից, Ադրբեջանն ունի ահաբեկիչներին զենք հասցնելու այլ ուղի ևս. Ադրբեջանը Սաուդյան Արաբիային է վաճառում այն զենքը, որը հետո «հայտնվում է» ԻՊ-ի զինյալների մոտ:


Ոչ մի կասկած չկա, որ այդ գաղտնի մատակարարումներից զենք էր բաժին հասնում նաև Ադրբեջանին: Արցախի հայության դեմ դրա կիրառման մասին ասվում է նաև «բուլղարական գործում»: Այդ են վկայում նաև սպիտակ ֆոսֆոր օգտագործելու այն մեղադրանքները, որոնք 2016-ի ապրիլին կովկասցի թաթարներն առաջ էին քաշում հայկական բանակի դեմ, մինչդեռ դրանից որոշ ժամանակ առաջ հենց ադրբեջանական դիվանագիտական չվերթերով սպիտակ ֆոսֆոր էր տեղափոխվել:


Փաստորեն, Ազատության պաշտպանության ակտի շրջանակում «ահաբեկչության դեմ պայքարի համար» Ադրբեջանին հատկացվող ամերիկյան օգնությունը իրականում վերածվում է ահաբեկիչների բացահայտ սնուցման և դեռ Հեյդար Ալիևի ժամանակից վարվող պետական ահաբեկչության քաղաքականության ֆինանսավորման: Ինչ-որ մեկը կվիճարկի՞, որ այդ քաղաքականության առաջին և գլխավոր զոհը հենց Արցախն է, Արցախի հայությունը: Եվ մի՞թե մեզ պետք է Ադրբեջանին ամերիկյան հանցավոր «օգնության» փաստի «ճանաչումը ԱՄՆ-ի կողմից», այդ թվում՝ զենքով (թեկուզ և ձևակերպված «ռազմական մատակարարումներ ՀԱՀ-ից», այո, կա Արևմուտքից Ապշերոն ռազմական մատակարարումների նաև այդպիսի «սյունակ»), որ տեսնենք և հիշենք՝ Արցախն Ադրբեջանի պետական ահաբեկչական քաղաքականության զոհն է: Ամեն դեպքում, հակառուսական հայհոյանքներից կանոնավորապես շունչները կտրվող մեր տեղացի դրամաշնորհակերների համար վատ չէր լինի գոնե երբեմն ուշադրություն դարձնել իրենց գլխավոր հովանավորի գործերին: Չէ՞ որ շատ հեշտ է մեղադրել Մոսկվային՝ աչքերը լիովին փակելով իրենց «ժողովրդավար տերերի» գործերի վրա, որոնց համեմատ ռուսական զենքի հնչեցվող վաճառքները թվում են մանկական չարաճճիություն: Այդ պատճառով, երբ Հայաստանում ստորագրահավաք է սկսված «Սորոսի հիմնադրամի» գործունեությունն արգելելու համար, Հայաստանի յուրաքանչյուր հայրենասեր պարտավոր է ողջունելու դա և անձամբ մասնակցելու այդ միջոցառմանը:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 4752

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ